ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Աստված քեզ զորավիգ ու պահապան

Աստված քեզ զորավիգ ու պահապան
22.12.2024 | 05:53

Ռուբեն ջան,

համոզված չեմ, որ այս նամակը քեզ կհասնի, ու նույնիսկ չգիտեմ, թե երբ մեզ բախտ կվիճակվի նորից հանդիպել:

Երբ դու մեկնեցիր Արցախ, և քո վրա վերցրեցիր այն ոտքի կանգնեցնելու ծանր բեռը, դեռևս հայտնի չէր մեզ, որ Արցախը դավաճանված ու լքված է: Այն պահին դեռ հույս կար, ու դու քո մեծ սրտով կառչեցիր այդ հույսից, և փորձեցիր այն իրականություն դարձնել:

Նույնիսկ այն պահին, երբ Արցախն արդեն շրջափակված էր, դու՝ պաշտոնազրկված, դու չէիր հրաժարվում այդ հույսից, չէիր հանձնվում, ձեռքերդ քշտած Հակոբավանքն էիր վերականգնում, կարիքավորներին էիր օգնում, մարդկանց էիր հույս տալիս՝ իրենց հետ կիսելով քո մեծ հույսը, քո մարդկային շնորհները, քո կյանքով ստեղծածը, ու իրենց հետ կիսելով նաև իրենց դառը ճակատագիրը:

Այսօր էլ դու և ընկերներդ Բաքվի դժնդակ զնդաններում եք՝ մեր բոլորիս փոխարեն կրելով այն ծանր խաչը, որը Հային է տրվում իր ծնունդով: Շատերն այդ խաչից հրաժարվում են, անկարող լինելով կրել նրա ծանրությունը, բայց և հրաժարվելով նրանով տված աստվածային առաքելության բերկրանքից: Դու ոչ միայն քո անձնական խաչն ես կրում, այլև քո հզոր ուսերի վրա ես վերցրել ողջ ազգինը, ու տանում ես այն անմռունչ ու անզիջում:

Պինդ մնա քո կռվում, անկոտրում ու աննահանջ:

Աստվածային արդարությունը հաղթանակում է, և քո տառապանքը նոր ուժ է տալու արդարներին, նոր հույս՝ ազատասերներին, և նոր հավատ՝ քո բոլոր քույրերին ու եղբայրներին:

Աստված քեզ զորավիգ ու պահապան:

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 1932

Մեկնաբանություններ